ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում լարվածության ֆոնին չեղարկել է իր այցն Իսրայել:
«Ես Իսրայել այցի ծրագիր ունեի, ես այն չեղարկել եմ, այց չի լինի»,-հայտարարել Է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:
«Ես Իսրայել այցի ծրագիր ունեի, ես այն չեղարկել եմ, այց չի լինի»,-հայտարարել Է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:
Նա քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ՝ նշելով, որ Անկարան թույլ չի տա սպանել երեխաներին Գազայում: Նրա խոսքով` թե՛ Գազայի հատվածի դեմ հարձակում իրականացնողները, թ՛ե նրան աջակցողները «հոգեկան հիվանդության» նշաններ են ցույց տալիս։
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան մտադիր էր վերջնականապես կարգավորել Իսրայելի հետ իր հարաբերությունները, սակայն Թել Ավիվը «չարաշահեց Թուրքիայի բարյացակամությունը» և պատասխան քայլեր չարեց։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։