ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դիմել է Կատարի վարչապետին՝ խնդրելով ազդել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի վրա, որ այն «մեղմացնի հռետորաբանությունը» պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ: Տեղեկությունըհայտնում է Axios հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նման խնդրանքով ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել մոտ երկու շաբաթ առաջ, իսկ երկուշաբթի իր քայլի մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում հրեական համայնքի առաջնորդներին: Ինչպես պնդում է հարթակը, ԱՄՆ վարչակազմում մտահոգված են, որ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հակամարտությունը, Վաշինգտոնի կարծիքով, «Ալ Ջազիրայի» ոչ միանշանակ մեկնաբանությունների պատճառով, կարող է նոր, էլ ավելի ծավալունփուլ մտնել:
Axios նշում է, որ հեռուստաալիքն ուղղակիորեն ֆինանսավորվում է Կատարի կառավարության կողմից, չնայած պնդում է, որ ինքնուրույն է աշխատում: Ավելի վաղ Իսրայելը հեռուստակայանին մեղադրել էր ՀԱՄԱՍ-ի «քարոզչության խոսափող» լինելու մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։