ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արևային էներգիայի պոտենցիալը մեր երկրում շատ է, մնում է այն հավաքել ու կուտակել։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞ դիվերսիֆիկացնելու մեր էներգետիկ, մասնավորապես` գազի շուկան։
Փաշինյանը վստահեցրեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը և էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան ՀՀ իշխանությունների օրակարգում է։
Ըստ նրա` այսօր Իրան–ՀՀ գազամուղի պոտենցիալն ամբողջովին չի օգտագործվում և այդ պատճառով նաև ԻԻՀ գործընկերների հետ ՀՀ կառավարությունը կնքել «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը մինչև 2030 թ–ն երկարացնելու մասին։
Որպես էներգակիրների այլընտրանքային աղբյուր, ՀՀ վարչապետը մատնանշեց մարտկոցային էլեկտրակայանների հիմնումը, որն աշխարհում հիմա շատ տարածված է։
«Մենք հիմա նաև այդ ուղղությամբ ենք մտածում ու աշխատանքներ տանում։ Ու արդյունքում հանկարծ կարող է պարզվել, որ ՀՀ–ն էներգետիկ առումով շատ ինքնաբավ պետություն է։ Կարող է` պարզվի նաև, որ արևային էներգիայի այնպիսի հզորություններ ունենք, որ մնում է այդ էներգիան հավաքել ու կուտակել»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` հիմա անգամ անհատական մակարդակով արևային էներգիայի այդ պոտենցիալը զարգանում է։
«Այստեղ ես հիշեցի դպրոցից կամ մանկապարտեզից հայտնի ոտանավորը` «Արևը մերն է, մեր տան վերեևն է»։ Հայաստանի դեպքում դա հաստատ ճիշտ է»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։
Այս ամենին զուգահեռ, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ կանի, որպեսզի նավթի ու գազի կայուն մատակարարումներն ապահովի, և ՀՀ իշխանությունները, Փաշինյանի խոսքով, շնորհակալ են բոլոր այն գործընկերներից, որոնք դա ապահովում են։