«3+3»–ը լավ հարթակ է, բայց չպետք է միայն դրանով սահմանափակվել. ՀՀ ԱԳ նախարար

«3+3» ձևաչափով հանդիպում Թեհրանում. Արխիվային լուսանկար
Միրզոյանի կարծիքով` «խաղաղության խաչմերուկը» մարմնացնում է Հայաստանի ներկայիս պատկերացումները երկրների հետ երկխոսություն սկսելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. «3+3» ձևաչափը լավ, օգտակար հարթակ է, բայց Հայաստանը չպետք է միայն դրանով սահմանափակվի։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։
Նա շեշտեց, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել հարաբերությունները բոլոր երկրների հետ, ում հետ այս կամ այն կերպ առնչվում է։ Օրինակ` Ռուսաստանի հետ պատմականորեն ձևավորված հարաբերություններ կան, որոնք նաև իրավական փաստաթղթերով են արձանագրված, նաև Եվրամիության, ԱՄՆ–ի, Կանադայի, բազմաթիվ այլ երկրների հետ` արևմուտքում, արևելքում, հյուսիսում և հարավում։
«Անշուշտ, մենք շահագրգիռ ենք ունենալու նորմալ հարաբերություններ նաև մեր հարևանների հետ։ Ցավոք սրտի, անմիջական հարևաններից 4-ից 2-ի հետ մենք չունենք հարաբերություններ և ունենք խորը հակամարտության ծանր պատմություն։ Մենք գործադրում ենք հնարավոր բոլոր ջանքերը, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, իսկ այն հարաբերությունները, որոնք կարգավորված են, ավելի զարգանան»,– ասաց Միրզոյանը։
Նա շեշտեց, որ հիմա շատ է պետք խոսել «խաղաղության խաչմերուկի» մասին։ Հայաստանը ցանկանում է երկրների հետ ոչ միայն քաղաքական երկխոսություն սկսել, այլև տնտեսական, լոգիստիկ, տրանզիտային, մշակութային։ Ըստ նրա` այս առումով մեր պատկերացումների լավագույն մարմնացումը հենց «խաղաղության խաչմերուկն» է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։