ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. WorldSkills մասնագիտական ուսուցման առցանց հարթակն արդեն հասանելի է Հայաստանում: Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ ասաց Մասնագիտությունների և հմտությունների զարգացման գործակալության փոխտնօրեն (WorldSkills-ի հիմնադիր) Ալինա Դոսկանովան։
Նրա կազմակերպության նախագիծը ֆինանսավորվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից։ Պլատֆորմը գործարկվել է մայիսին և մինչ այժմ հավաքել է ավելի քան 1000 օգտատիրոջ:
Այնտեղ հնարավոր է ոչ միայն վերապատրաստման դասընթացներ անցնել, այլև ծառայություն պատվիրել HR մենեջերների (կադրերի բաժնի) համար` աշխատողի հմտությունների անկախ գնահատմամբ (օրինակ` աշխատանքի ընդունվելիս):
Նման ծառայությունը հարթակում արդեն պատվիրել են հենց աշխատակիցները` սեփական որակավորման մակարդակը հասկանալու համար։
ԵԱՏՄ երկրների կրթական հաստատությունների և բիզնեսի այն ուսուցիչները, որոնք աշխատում են հարթակում, ուսուցումն իրականացնում են ոչ միայն առցանց։ Այդ հաստատություններում և ընկերություններում կան նաև առկա դասընթացների հնարավորություններ: Դոսկանովան հավելեց, որ դասեր կարելի է կազմել նաև կոնկրետ աշխատատեղի համար։
Վերջերս հարթակում մեկնարկել են դասընթացներ, որոնք թույլ են տալիս բարձրացնել արտադրողականությունն աշխատավայրում։ Նախագիծը մեկնարկել է ԵԱՏՄ երկրների մի քանի ՏՏ ընկերությունների հետ համատեղ։
Նշենք, որ օրերս ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարել էր եվրասիական ինտեգրման ամրապնդմանն ուղղված ՏՏ նախագծերի նոր դրամաշնորհային հայտերի ընդունում: