ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներն այսօր որոշել են անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։ Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք տեսնում ենք, որ չկա ռուսաց լեզվի կարգավիճակ, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նա պարզաբանել է, որ այս օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած որ հանրապետության ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։
«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է այդ երկրներում»,- նշել է Վոլոդինը։
Կառավարության նախաձեռնած օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2022 թվականի հունիսին։
Լիագումար նիստի սկզբում օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը։ Նրա կարծիքով` այս նախաձեռնությունն այժմ չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
Վոլոդինը Պետդումայի համապատասխան հանձնաժողովներին հանձնարարել է ուսումնասիրել հարցը և հետագա քայլեր առաջարկել Պետդումային։