Փաշինյանն ընդունել է Կորեայի առևտրի նախարարին, քննարկել են էներգետիկ ոլորտի հարցեր

Փաշինյանն ընդունել է Կորեայի առևտրի նախարարին
Կողմերը համոզմունք են հայտնել, որ քննարկումների արդյունքներով ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Երևանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն հայ–կորեական տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը: Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է փոխգործակցության ընդլայնմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կորեայի Հանրապետության առևտրի նախարարն իր հերթին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են նաև գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կորեական կողմը հետաքրքրված է էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությամբ:
Նշվում է նաև, որ զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ քննարկումների արդյունքներով ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ: