ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։
«Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանը նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում։
Պապիկյանը հանդիպման ընթացքում նաև շնորհակալություն է հայտնել համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:
Սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հարցում:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն երեկ երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։
Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։