ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ը դեռևս չունի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում Իրանի մասնակցության ուղղակի ապացույցներ։ Այս մասին այսօր ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռևս չենք տեսել որևէ կոնկրետ տեղեկություն, որը ենթադրում է, որ նրանք մասնակցել կամ ուղղորդել են հարձակումները», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրմանը մեջ կա՞ն Իրանի մասնակցության ապացույցներ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։