ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն նոր նախագիծ է քննարկում, որի ընդունման դեպքում Հայաստանում 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետները կկարողանան օգտվել հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Այն քննարկվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար։
Սաֆարյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում մեկ ավելացում է կատարվել, համաձայն որի` նախագծում կավելանա նաև «պաշտոնաթող վարչապետ» արտահայտությունը։
Նշենք, որ մինչ այդ ներկայացված նախագծով հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից կարող էին օգտվել միայն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախկին նախագահները, ինչպես նաև նրանց բոլորի ընտանիքի անդամները։
«Այսպիսով, օրենքի ընդունման դեպքում օդանավակայանի հատուկ սրահից կկարողանա օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը»,– ասաց Սաֆարյանը։
Այս կարգավորումը վերաբերում է 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետներին։