Նուբար և Աննա Աֆեյանները 2 մլն դոլար կհատկացնեն Արցախից բռնի տեղահանվածներին

Ֆինանսական աջակցությունը կուղղվի առաջնային կարիքների բավարարմանը, բժշկական և սոցիալ-հոգեբանական աջակցությանը և երկարաժամկետ կրթական ծրագրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը հայտարարել են, որ 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կհատկացնեն ավելի քան 100.000 տեղահանված արցախցիներին։ Տեղեկությունը հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։
«Ֆինանսական աջակցությունը կուղղվի մի քանի ոլորտների, այդ թվում՝ առաջնային կարիքների բավարարում, բժշկական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցվում է, որ 2020 թ. սեպտեմբերին՝ Արցախի դեմ ծավալված պատերազմից հետո, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացրել է «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը՝ աջակցելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած տեղի բնակչությանը:
Տեղահանված մարդկանց տրամադրվել է սնունդ, կացարան և հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ ու կենսական նշանակության դեղորայք: Ծրագրի ընթացքում՝ մինչև 2023 թ. հունիս, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատկացրել է 2.2 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելով տեղի և միջազգային 70 գործընկերների կողմից իրագործվող 93 նախագծի:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։