Մասկը կոչ է արել Արևմուտքին «ուկրաինացիներին չզոհաբերել» և խաղաղություն կնքել ՌԴ-ի հետ

Իլոն Մասկը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ձգձգումը ԱՄՆ-ի համար նաև քաղաքակրթական ռիսկեր է պարունակում՝ մեծացնելով երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Արևմտյան երկրները պետք է դադարեցնեն «անիմաստ զոհաբերել ուկրաինացիներին» Ռուսաստանի հետ հակամարտությունում, պետք է հասնեն հակամարտության խաղաղ լուծմանը և վերականգնեն նորմալ հարաբերությունները Մոսկվայի հետ։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որին պատկանում են «Tesla» և «SpaceX» ընկերությունները, ինչպես նաև «X» սոցիալական ցանցը (նախկինում Twitter): Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իրականում խրամատներում մեծ թվով ուկրաինացի երիտասարդների զոհաբերություն է, ըստ էության, առանց տարածքային նվաճումների», - գրել է նա «X» սոցցանցի իր էջում հրապարակված պոդկաստում:
Մասկը ստեղծված իրավիճակն անիմաստ է անվանել և ընդգծել, որ Արևմուտքի համար պրագմատիկ որոշում կլիներ Ուկրաինայում խաղաղության հասնելը ու Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելը:
Նրա խոսքով՝ ռուսներն ու ուկրաինացիները փոխադարձ դժգոհություններ ունեն, բայց նրանք բառացիորեն մեկ ընտանիք են։
«Եվ կարծում եմ` մենք արևմուտքում մի տեսակ դրդում ենք նրանց սպանել իրենց որդիներին, և ինձ թվում է, որ դա սխալ է», - շարունակել է նա:
Մասկը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ձգձգումը ԱՄՆ-ի համար նաև քաղաքակրթական ռիսկեր է պարունակում՝ մեծացնելով երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը:
Ուկրաինական բանակը հունիսի 4-ից հարձակման անհաջող փորձեր է ձեռնարկում։ Ինչպես հոկտեմբերի 5-ին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիևը չորս ամսում կորցրել է ավելի քան 90 հազար մարդ և ավելի քան 550 տանկ: Հոկտեմբերի 15-ին Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը լիովին ձախողվել է, չնայած Կիևը նոր ակտիվ հարձակողական գործողություններ է նախապատրաստում ռազմաճակատի առանձին հատվածներում: