ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Մերձարևելյան կարգավորման գծով ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցչի տեղակալ Լին Հեսթինգսը կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական նորմերն ու Գազայի բնակչությանն ապահովել հումանիտար օգնությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պետք է շարունակենք պահանջել հարգել միջազգային մարդասիրական օրենքները, բոլոր կողմերը պետք է շարունակաբար հոգ տանեն քաղաքացիական անձանց մասին... Նրանք պետք է ունենան անհրաժեշտ ամեն բան գոյատևման համար։ Այժմ պետք է անհապաղ ապահովել մարդասիրական օգնության, ջրի անխոչընդոտ մատակարարումը։ Էլեկտրականությունը պետք է վերականգնվի», – Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ–ի ԱԽ նիստին ասել է կազմակերպության ներկայացուցիչը։
ՄԱԿ–ի տվյալների համաձայն` Գազայում սպանվածների թիվը հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում գերազանցել է 2014 թվականի 50-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գազայի բնակիչների թիվը, միևնույն ժամանակ զոհվածների 62%–ը կանայք և երեխաներ են։
«Հորդորում եմ բոլոր երկրներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ, անել դա և ապահովել հարգանքը պատերազմի օրենքների նկատմամբ», – ընդգծել է նա` կոչ անելով շարունակել երկխոսությունը մարդասիրական աղետը կանխելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։