Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը

Գարեգին Բ–ն ընդունել է Կիպրոսի ուղղափառ եկեղեցու պետ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսին
Զրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Կիպրոսի ուղղափառ եկեղեցին ՀՀ առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն կցուցաբերի արցախահայությանը օգնելու համար։ Այդ մասին նշվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կիպրոսի ուղղափառ եկեղեցու պետ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսի` Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի ուղղափառ եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։
«Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Գարեգին 2–րդն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին։
Իր հերթին Պորֆիրիոս Սրբազանը նշել է, որ իր այցը նպատակ ունի նաև Կիպրոսի ուղղափառ եկեղեցու զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։