ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում` պատվիրակությունների մասնակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Կանադայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դեռ օգոստոսին հայտնել էր, որ Մելանի Ժոլին սեպտեմբերին կայցելի Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու Կանադայի դեսպանատան պաշտոնական բացմանը։
Ժոլին Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։