Ինչու են նախկին պետաշխատողները բիզնես հիմնել Սյունիքում․ 3 պատմություն անվտանգության մասին

ՀՀ մարզերում զբաղվածությունը մեծացնելու և այդպիսով նաև անվտանգության յուրատեսակ երաշխիքներ ստեղծելու համար նոր բիզնես ծրագրեր են իրականացվում` նպաստելով նաև դեպի մարզեր ներհոսքին։ Sputnik Արմենիան զրուցել է դրամաշնորհային ծրագրի 3 շահառուի հետ։
Sputnik

Բիզնեսը` Սյունիքն անառիկ պահելու միջոց

ՌԴ Կրասնոդար քաղաքում իր բիզնեսը վաճառելով` Գարեգին Միրզոյանը եկել է Հայաստան և որոշել Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու բնակավայրում հիմնել ինտենսիվ այգի։
Գարեգին Միրզոյան
Միրզոյանը շուրջ 13 տարի աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, հետո տեղափոխվել ՌԴ։ Հայաստան է վերադարձել 44–օրյա պատերազմի օրերին։
«Ես ներդրում եմ անում, ուրեմն այդպիսով նաև պաշտպանում եմ այն հողը, որտեղ ապրում եմ ընտանիքիս հետ։ Երբ Կրասնոդարում բիզնեսս վաճառում էի, որ գամ ՀՀ, ինձ ասում էին` սպասիր, տես` ինչ է լինելու, մի՛ շտապիր։ Ես այդ մտածելակերպը չեմ հասկանում. մենք մեր երկրում ենք ապրում, եթե ես այստեղ բիզնես եմ դնում, դա շատերի համար շատ հարցերի պատասխան կարող է լինել։ Ես երկու տղա ունեմ, ու այս բիզնեսն էլ իմ լուման է Սյունիքը շեն պահելու, որ ոչ մեկի մտքով ուրիշ այլ բան չանցնի»,– ընդգծում է նա։
Գարեգին Միրզոյան
Գարեգին Միրզոյանը մասնակցել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ծրագրին, ստացել 4 մլն դրամ դրամաշնորհ ու կաթիլային համակարգ տեղադրել, իսկ իր կողմից ներդրել է ավելի քան 85 մլն դրամ` 2.7 հա տարածքն ինտենսիվ այգու վերածելու համար։
Գարեգին Միրզոյանի հիմնած այգին
Սիսիանն ավանդաբար չի համարվում մրգատու այգիների համար բարենպաստ գոտի, սակայն Աղիտուում Գարեգին Միրզոյանը կարողացել է գտնել հարմար տարածք, որը պարփակված է լեռներով ու ունի բերրի հող։ Իր փոքրիկ այգով նա մտադիր է նաև նպաստել Սյունիքի զարգացմանը` ստացած բերքն իրացնելով ոչ միայն ներքին շուկայում, այլև արտերկրում։
Գարեգին Միրզոյանի հիմնած այգին
Այս պահին մշակում է սալորենիներ, անտառային գեղեցկուհի ու կոնֆերանս տեսակի տանձենիներ։ Առաջին բերքը նախատեսում է ստանալ արդեն 2025 թ–ին։ Թեև միայն կոնֆերանս տեսակի տանձենիների մեկ հա–ից հնարավոր է ստանալ մինչև 100 տոննա բերք, սակայն 2025 թ–իհամար հաշվարկները համեստ են.15–20 տոննա էլ ստանա`կհամարի մեծ արդյունք։
Առաջիկայում նախատեսում է մեծացնել բիզնեսը` աճեցնել արտադրական ծավալների ածիկ (որպես անասնակեր), հիմնել խելացի անասնագոմ։

Ես վստահ եմ, որ մենք այստեղ ապրելու ու արարելու ենք…

Սյունիքի զարգացման գործում իր ներդրումն է ուզում ունենալ նաև Գորիս համայնքի բնակիչ Կարեն Ջավահիրյանը։ Նա նույնպես երկար տարիներ աշխատել է պետական համակարգում, իսկ այժմ փորձում է ուժերը տուրիզմի բնագավառում։
Կարեն Ջավահիրյան
Կարենը կառուցում է հյուրատուն` միաժամանակ նաև վրանային ավան և տուրիստական ինֆորմացիոն կենտրոն։ Իր բիզնեսը նա հիմնել է Ստեփանակերտ տանող ճանապարհին` Գորիսից 4 կմ հեռավորության վրա։ Երբեմնի ակտիվ, աշխույժ այս ճանապարհը հիմա դատարկ է, սակայն դա թևաթափ չի անում սկսնակ գործարարին. նա վստահ է, որ ամեն ինչ դեռ առջևում է։
Կարեն Ջավահիրյանի հյուրատունը
«Ես էկո տուրիզմ եմ ուզում հիմնել ու ակտիվ գոտի ստեղծել այստեղ։ Իմ կողմից ստեղծվելիք տուրիստական հանգրվանի անմիջական հարևանությամբ եղևնիների անտառն է ու այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Գորիս։ Վստահ եմ` թե՛ներգնա, թե՛դրսից բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալու այստեղ»,– համոզված է նա։
Կարեն Ջավահիրյանը ձգտում է աշխատանքներն ավարտել 2024 թ–ին ու նույն տարվա ապրիլից գործարկել հյուրատունը։ Իր դեռևս փոքրիկ բիզնեսի համար նա արդեն ծախսել է 28 մլն դրամ, որից 3.5 միլիոնը դրամաշնորհ է տանիքի, դուռ–պատուհանների տեղադրման, շենքի արտաքին հարդարման համար։
Կարեն Ջավահիրյանի հյուրատունը
«Ես վստահ եմ` մենք այստեղ ապրելու, արարելու ենք: Հենց մի քիչ կայունացավ իրավիճակը`կտեսնեք` տուրիստական հոսքերն ինչպես են ավելանալու. Գորիս քաղաքում դրանք արդեն իսկ բավականին շատ են»,– վստահեցնում է նա։

Մեր երկիրն էլ նմանվել է մեղվափեթակի…

«Մեր երկիրը նմանվել է մեղվափեթակի. երբ փեթակը մայր չի ունենում, նա այլասերվում է։ Հիմա մենք այդ վիճակում ենք. համախմբվածություն չկա»։ Այս կարծիքին է Գորիսի բնակիչ Արմեն Իշխանյանը։
Արմեն Իշխանյան
Նա 40 տարուց ավելի աշխատել է պետական համակարգում և հիմա` թոշակի անցնելուց հետո է գտել այն զբաղմունքը, որն օգնում է իրեն ինքնաբավ ու գոհ լինել։ Այս պահին Արմեն Իշխանյանն ունի 40 մեղվափեթակ, որոնց թիվը մինչև 2024 թ. տարեվերջ մտադիր է հասցնել 60–70–ի։
«Հայրս ասում էր` մեղուն չի հարստացնում, սակայն գրպանումդ միշտ փող է լինում…Հիմա նաև կավելացնեմ` քո հողի հետ էլ է ավելի ամրացնում մեղվապահությունը»,– հպարտությամբ նշում է նա։
Արմեն Իշխանյանի հայրը
Արմեն Իշխանյանը նույնպես մասնակցել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ծրագրին ու 2022 թ–ին ստացել 4 մլն դրամ, որով գնել է մեղվապահության համար անհրաժեշտ պարագաները։
Արմեն Իշխանյան
«Մեղու պահելու համար շատ մեծ ծախսեր պետք չեն, սակայն իմ ծախսերը բավականին շատ են, քանի որ մեր տնից փեթակը տեղափոխում եմ Խնձորեսկ, այնտեղից էլ` Իշխանասար, որտեղ ալպիական դաշտեր են։ Քանի որ սահմանն արդեն մոտեցել է` 3 կմ–ի վրա արդեն դիրքերն են, այդքան էլ հեռու չեմ տանում փեթակները»,– պատմում է Արմեն Իշխանյանը։
Փեթակներից հավաքած մեղրը վաճառում է, 10–15 կգ էլ առանձնացնում, պահում է հիվանդներին ու կարիքավորներին լավություն անելու համար։
1 / 3

Արմեն Իշխանյանը թոռնիկի հետ

2 / 3

Արմեն Իշխանյանը մեղվափեթակների մոտ

3 / 3

Արմեն Իշխանյանի մեղվափեթակները

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2020թ–ին և կավարտվի 2024 թ–ին։ Ծրագրից օգտվել ցանկացողները պետք է կենտրոնի տված դրամաշնորհին համարժեք գումարի չափով ներդրում անեն։ Ներկայում կենտրոնն արդեն ունի մոտ 100 շահառու ՀՀ բոլոր մարզերից (Երևանը ծրագրում ներառված չէ,–խմբ.)։
Իննա Գալոյան