Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հրամանագրի ստորագրումից առաջ Արցախի նախագահը ԱԱԾ տնօրենի միջոցով խոսել է Փաշինյանի հետ

Փաշինյանը հորդորել է թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել Արցախի լուծարման հրամանագրի տեքստին և անձամբ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հորդորել ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հղում անելով իշխանական աղբյուրներին։

«Մասնավորապես, երբ ադրբեջանցիներն արցախցիներին են փոխանցել իրենց պահանջները, որոնք արտացոլված էին Արցախի լուծարման որոշման մեջ, այն է՝ պետական ինստիտուտների, բանակի լուծարում, զենքերի հանձնում, Շահրամանյանը կապ է հաստատել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և նրա միջնորդությամբ մեկ և եզակի անգամ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որն էլ հորդորել է անհապաղ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք»,–գրում է թերթը:

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։