ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շտեմարանում` որպես հաշմանդամություն ունեցող անձ գրանցվել է ավելի քան 2700 քաղաքացի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
«Խոսքը հիմնականում հենաշարժողական խնդիրներ ունեցող կամ խուլ ու համր անձանց է վերաբերում։ Պետք է նկատի ունենալ, որ այս արձանագրումը բանավոր հարցման հիման վրա է կատարվել, որևէ փաստաթուղթ չի ստուգվել։ Ոչ բոլոր տեղահանված անձանց են հարցրել` արդյոք հաշմանդամություն ունեն, թե ոչ, քանի որ պարտադիր լրացման դաշտի չի եղել հաշվառելու ընթացքում»,– ասաց Դավթյանը։
Նա ընդգծեց` եթե անզեն աչքով հնարավոր չի եղել հաշմանդամությունը գնահատել, ապա չեն էլ հարցրել։
Ըստ իրենց նախնական տվյալների` իրականում հաշմանդամություն ունեցողների թիվը մոտ է նշված թվի կրկնապատիկին։ Ներկայում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն աշխատում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչության պետական ռեգիստրի հաշմանդամություն ունեցող անձանց տվյալները համադրելով նույնականացում արվի։
Sputnik Արմենիան նաև կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որտեղից ընդգծեցին, որ ըստ կարիքի ամեն ինչ արվում է, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։ Շեշտեցին` այժմ չեն կարող նշել, թե հաշմանդամություն ունեցող քանի անձ է այս պահին դիմել նախարարություն։
Նշենք, որ ՀՀ–ում այս տարի` փետրվարի 1-ից ի վեր 11.000 քաղաքացի դիմել է, որպեսզի առաջին անգամ նոր մեթոդով գնահատվի իր ֆունկցիոնալությունը։ Նրանցից 8.600-ի նկատմամբ գնահատումն արդեն իրականացվել է։ Այս մեթոդով բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն իրականացվում է անձի ֆունկցիոնալության գնահատում, այսինքն` բազմակողմանի է արվում ամեն ինչ` ոչ միայն անձի ախտահարված օրգանհամակարգերի և մարմնի կառուցվածքի, այլև կարողությունների և կատարողականի տեսանկյունից։ 2024 թվականի հունվարի 1-ից մյուս քաղաքացիները ևս պետք է դիմեն և անցնեն գնահատման համակարգով։