ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ երկրները համատեղ ջանքերով զգալիորեն առաջ են շարժվել թմրանյութերի վաճառքի դեմ պայքարում։ Ինչպես տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Բելառուսի ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովը:
Մինսկում այսօր կայացել է Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման հարցերով ՀԱՊԿ երկրների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստը: Խորհրդի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ՆԳՆ պատվիրակությունները, ՀԱՊԿ քարտուղարությունը:
«Ակտիվացվել են թմրանյութերի մատակարարման միջազգային ուղիների հայտնաբերման և կասեցման աշխատանքները։ Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությամբ աճել է վերահսկվող մատակարարումների քանակը։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ հատուկ ծրագրերի և գործողությունների կազմակերպման որոշակի փորձ է ձեռք բերվել։ Հետևողականորեն կարգավորվում է օպերատիվ տեղեկատվության փոխանակումը»,-պարզաբանել է Կուբրակովը։
Նա ընդգծել է, որ թմրաբիզնեսի կազմակերպիչները, գտնվելով օտարերկրյա պետությունների տարածքում, ՀԱՊԿ երկրներն օգտագործում են թմրանյութեր իրացնելու համար, իսկ հանցավոր գործունեությունից ստացված դրամական միջոցներն ավելի ու ավելի հաճախ կենտրոնացնում են թվային արժույթով: