ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik.Հայտնաբերվել է Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից 18 համարի ավտոբուսի ուղղությամբ կրակած անձը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Վնասվել էր ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան։
Կասկածյալը Երևանի բնակիչ 48–ամյա Աշոտ Բ.–ն է, որն իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով կրակել և անզգուշությամբ վնասել է ավտոբուսի կողային ապակին՝ պատճառելով նյութական վնաս:
«Երբ օպերները դուրս են եկել նրա հետքի վրա, նա սկսել է ոստիկանների հետ խոսել ինչ–որ տարօրինակ բառերով և ասել է, որ ինքը հնդիկ է։ Սակայն իրավապահներից մեկը տիրապետում էր հնդկերենին, հասկացել է, որ կասկածյալը փորձում է իրենց մոլորեցնել »,– նշված է հրապարակման մեջ: Կասկածյալին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Նշենք, որ ավտոբուսը սպասարկում է Սիլիկյան թաղամասից դեպի Վարդաշեն թաղամաս: