ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Պետք է հնարավորինս արագ հզորացնել Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, որ այս օրերին գտնվում է մեր երկրում։
«Ամբողջ սահմանի հետագա մշտադիտարկման համար պետք է հնարավորինս արագ հզորացնենք Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում, որպեսզի կայունացնենք իրավիճակը և բացահայտենք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա հնարավոր հարձակումները»,– հավելել է նա։
Ռոթը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում: