Ֆրանսիան ռազմական խորհրդական կուղարկի և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն
Ֆրանսիան նաև երեք GM200 ռադար կտրամադրի Հայաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ X-ի միկրոբլոգում այս մասին գրել է Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը»,– հավելել է նա։
Լըկորնյուն թվարկել է այն ծրագրերն ու ուղղությունները, որոնց շուրջ կողմերը սկսել են կամ սկսելու են համագործակցել։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարին Ֆրանսիան դեսպանատանը կից ռազմական կցորդ է նշանակել։ Համագործակցությունը ենթադրում է, որ ֆրանսիացի սպա (որպես ռազմական խորհրդական) կգործուղվի ՀՀ ՊՆ, բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ կլինեն, զինվորականներ կայցելեն, համագործակցություն կսկվի սերժանտներ և սպաներ պատրաստող ռազմաուսումնական հաստատությունների հետ:
Նախարարն առանձնահատուկ նշել է ՀՀ զինված ուժերի համար հատուկ ջոկատների նախապատրաստումը, հատկապես լեռնային տեղանքում մարտական գործողությունների և բարձր ճշգրտության հրաձգության համար:
«Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր»,– գրել է նա։
Նա նաև նշել է, որ առաջիկայում ստուգում կանցնի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն երեկ երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։
Բարդ և անկանխատեսելի է. վերլուծաբանը` ֆրանսիական զենքը ՀՀ բերելու լոգիստիկ խնդիրների մասին