ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ռուսական տանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների հետ արտ-թերապիայի առաջին դասն է անցացվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի Ռուսական տունը։
Վարպետության դասն անցկացրել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ, Էստոնիայի նկարիչների միջազգային միության և Հայաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ Անուշ Բաբայանը։
«Երեխաներն իրենց ներսում փնտրել են «հրեշին» և ծեփամածիկի օգնությամբ պատրաստել այն՝ ազատվելով բացասական էմոցիաներից»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Բաբայանն իր սեփական մեթողներն է օգտագործում արվեստների միջոցով աշխարհը բացահայտելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։