Երևանի ավագանու անդամներից 2–ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

Արդեն հայտնի է, թե ովքեր կփոխարինեն ինքնաբացարկի դիմում ներկայացրած անդամներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկել է դրանք։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Բեջանյանին:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացավ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։