ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ապատեղեկատվություն որակեց այն լուրը, թե ՌԴ մերժել է իր թեկնածությունը այդ երկրում նոր դեսպանի պաշտոնում։
«Չունեմ պարզաբանում, որովհետև ապատեղեկատվության պարզաբանումով ես չեմ զբաղվում»,– ասաց նա։
«Իրավունք» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Ըստ պարբերականի` Ռուսաստանը, սակայն, մերժել է խորհրդարանի գործող պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը նոր դեսպանի պաշտոնում։
Արսենյանը հաստատեց, որ իրեն առաջարկ արվել է, ավելին` իր փաստաթղթերն արդեն գտնվում են Ռուսաստանի դաշնությունում, բայց պատասխան դեռ չի եկել։