ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ ջանքերը Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր են: ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
Նաև մտքեր են փոխանակվել Հայաստան–ԱՄՆ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: