ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ղեկավար շրջանակների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև բազմահազարանոց լիբանանահայությանը անվտանգային լուծումներ առաջարկելու համար»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Անի Բադալյանը ավելացրել է, որ ի պատասխան մի քանի հարցումների՝ դեսպանության կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում նաև այս պահին գործող Բեյրութ–Երևան կոմերցիոն չվերթերի վերաբերյալ։
Հավելենք, որ հոկտեմբերի 7–ից սրված իսրայելա–պաղեստինյան հակամարտության ընթացքում Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել նաև Լիբանանին։ «Հեզբոլահը» հայտարարել է, որ, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի Պաղեստինի եղաբայրներին։