Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի հայտին հավանություն տալու գործընթացն արագ չի լինի. ԶԼՄ

Շվեդիայի կառավարությունը, ինչպես ավելի վաղ նշել էին տեղական ԶԼՄ-ները, թուրքական խորհրդարանի կողմից հայտի վավերացմանը սպասում է մոտակա շաբաթներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման գործընթացը դժվար թե արագ լինի` չնայած առկա ճնշման փորձերին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը:
Շվեդական ԶԼՄ-ներն ավելի վաղ նշել էին, որ կառավարությունն ակնկալում է, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու թագավորության հայտի վավերացումը տեղի կունենա «մի քանի շաբաթվա ընթացքում»:
«Այդ գործընթացը հազիվ թե արագ լինի` հաշվի առնելով կառավարության առջև այս պահին առկա մյուս օրակարգը (իրավիճակը Մերձավոր Արևելքում) և այն, որ շվեդական կողմն Անկարայի ոչ բոլոր պայմաններն է կատարել։ Գործընթացում վերջին խոսքը կասի Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովը (խորհրդարանը)։ Երկրի վրա ճնշում գործադրելու փորձերն ապարդյուն են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձել է դաշինքի 31-րդ անդամը։
Շվեդիայի հայտը մինչ օրս չի ստացել Հունգարիայի և Թուրքիայի վերջնական հավանությունը։ Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է հայտի վավերացման դիմաց նպաստել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը: Ընդ որում` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերը «իրար հետ կապված չեն»: Օգոստոսին նա հայտարարել էր, որ հույս ունի, որ այս աշնանը Շվեդիան կանդամակցի դաշինքին։