ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թուրքական «Ayyıldız Tim» հաքերական խումբը պնդում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության համակարգի հասանելիություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «TGRT Haber» հեռուստաալիքին։
««Ayyıldız Tim»–ը կոտրել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը պատկանող հույժ գաղտնի ռազմական տվյալները՝ զորավարժությունների և անձնակազմի մասին։ Դուք կտեսնեք թուրքերի ուժը։ Մենք լուռ կանգնած ենք պաշտպանության», – ասվում է խմբի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։
Հեռուստաալիքը միաժամանակ պնդում է, որ հաքերների խմբի թիրախը Իսրայելի բորսայական համակարգերն են, էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներն ու ամբարտակները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։