Թեհրանում «3+3» բանակցությունների նպատակը տարածաշրջանային անվտանգությունն է. Իրանի դեսպան

Քազեմ Ջալալի
Իրանական կողմը նախկինի պես պնդում է, որ երրորդ խաղացողները չմիջամտեն տարածաշրջանային գործերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման հիմնական նպատակն ու օրակարգը տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է: Տեղելությունը հայտնում է «Pars Today»-ը։
Իրանի մայրաքաղաքում այսօր կայանալու է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Այս ձևաչափը նախատեսում է նաև Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին մինչ օրս հրաժարվում է միանալ դրան։
«Թեհրանում կազմակերպված հանդիպման օրակարգի գլխավոր հարցը տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է Իրանի հարևանության քաղաքականության շրջանակում: Խոսքը տարածաշրջանի երկրների համագործակցության և փոխգործակցության հարցերի ու արտաքին խաղացողների չմիջամտելու մասին է»,– ասել է Ջալալին:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնեցին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։
Բաքուն և Անկարան աջակցում են «3+3» ձևաչափին՝ ի հակակշիռ արևմտյան հարթակների. փորձագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։
Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։