ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր շուրջ 200 հազար իսրայելցիներ հարկադրված լքել են իրենց տները և տեղափոխվել երկրի խորքեր, հայտնում է Times of Israel պարբերականը` հղում անելով Իսրայելի իշխանություններին:
«Իսրայելական իշխանությունների տվյալներով` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում շուրջ 200 հազար իսրայելցի է տեղափոխվել երկրի ներսում»,-նշում է պարբերականը:
Իսրայելի վարչապետի գրասենյակի ներկայացուցչի տվյալների համաձայն` նրանց մոտ կեսը հրահանգ են ստացել տարհանվել Գազայի հատվածի և Լիբանանի սահմանների մոտ գտնվող 105 բնակավայրերից, իսկ կեսը սեփական ցանկությամբ են լքել ռազմաճակատին մոտ գտնվող շրջանները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4600-ի, տուժել է ավելի քան 14 200 քաղաքացի:
Իսրայելում, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է շուրջ 150 իսրայելցի լինել։ Ինքը` շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։