ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով

Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ սահմանազատումը համաձայնեցնելու համար քարտեզներ են պետք, որոնք ՌԴ–ի մոտ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո։
«Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` քարտեզները, որոնք մնացել են խորհրդային տարիներից, գտնվում են Ռուսաստանի Դաշնության մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ հանդիպեն, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվայում հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին (նրանց համաձայնությամբ) որպես խորհրդատու կմասնակցի ռուսական կողմը:
«Ցավոք, բավական երկար ժամանակ այդ հանձնաժողովը չէր ձևավորվում։ Թեև վերջին մեկ տարվա ընթացքում դելիմիտացիայի գործընթաց ներխուժելու փորձեր են եղել և դրանք շարունակվում են, առաջին հերթին ՝ Եվրամիության, որոշ չափով ՝ ԱՄՆ-ի կողմից», - ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը նաև նշել է, որ հակամարտությունը մեծ մասամբ լուծված է, քանի որ երկու կողմերն էլ համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Նրա խոսքով` այժմ մնում է գործնական քայլեր կատարել հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ՝ առաջին հերթին խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանների դելիմիտացիայի և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների այս ասպեկտներն ուղղակիորեն չեն քննարկվել «3+3» ձևաչափում, դրա համար այլ ուղիներ կան, բայց հարթակն ինքնին օգնում է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ասել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ Ադրբեջանը կհամաձայնի սկսել սահմանազատումը Խորհրդային Միության գլխավոր շտաբի վերջին քարտեզների հիման վրա։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։