«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի փոխքաղաքապետների նշանակման հարցով նիստին

Երևանի քաղաքապետարան
«Մայր Հայաստան» խմբակցությունը համարում է, որ Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին, որի ընթացքում պետք է ընտրվեն Երևանի քաղաքապետի տեղակալները։ Տեղեկությունը հայտնում է «Մայր Հայաստան» խմբակցությունը։
«Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով: Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով, և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացավ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։