ԼՂ ներկայացուցչության դիմաց հանցավոր արարքներ կատարելու գործով 2 անձ է կալանավորվել

Հանցավոր արարքներ կատարած անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց իրականացված ակցիայի ընթացքում հանցավոր արարքներ կատարելու գործով 2 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել ենք, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը ճանաչվել է տուժող, գործի շրջանակներում 10 անձ է ձերբակալվել։
ՔԿ–ից հայտնում են` նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձերբակալված անձանցից երկուսը՝ Ա․Ղ․-ն և Ն․Ա․-ն, վիճել են տուժող Կարեն Շահրամանյանի հետ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով` կատարել խուլիգանություն։
«Նշված երկու անձինք, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել Կ․Շ․-ին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ղ․-ի և Ն․Ա․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նշված անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով։
«Դատապարտում ենք ներկայացուցչության բակում տեղի ունեցածը». Արցախի իշխանություն
Դատարանի որոշմամբ Ա․Ղ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ Ն․Ա․-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Ձերբակալված մյուս 8 անձինք արգելանքից ազատ են արձակվել։