Կառավարությունը տեղահանվածների բանկային հաշիվների հասանելիություն չի ունենալու. Խաչատրյան

Արցախից բռնի տեղահանվածներ
Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչպես է ՀՀ կառավարությունը բանկային գաղտնիքի պայմաններում համադրելու տեղահանվածների բանկային հաշիվների տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը և համապատասխան մարմինները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բանկային հաշիվների որևէ հասանելիություն չունեն և չեն ունենալու։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ նոյեմբերին և դեկտեմբերին, բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից 50 հազարական դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց: Սակայն բացառություն կլինեն այն անձինք և նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո։
Խաչատրյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը բանկային գաղտնիքի պայմաններում համադրելու տեղահանվածների բանկային հաշիվների վերաբերյալ առկա տվյալները։

«Այստեղ որևէ հակասություն չկա, և օրենքի սահմաններում է լինելու ամեն ինչ... Մենք կնախատեսենք դիմումների կարգ, կունենանք նախապես գրանցման համակարգ։ Երբ կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինենու, այդ մարդիկ կտեղեկանան և ուղղակի դիմում չեն ներկայացնի` իմանալով, որ շահառու չեն»,–ասաց Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ իրենք ոչ թե տվյալների հասանելիությունը տրամադրելու են այլ կառույցներին, որոնք պետք է նույնականացում իրականացնեն վճարումները կատարելուց առաջ, այլ ՀՀ կենտրոնական բանկն իր իրավասությունների սահմաններում դիմումների ստուգում կիրականացնի և կառավարությանը կտրամադրի բոլոր այն քարտային հաշվեհամարները, որոնք շահառու են հանդիսանալու տվյալ ծրագրի համար։
Խաչատրյանն ընդգծեց, որ ծրագրի շահառու կդառնան նաև աշխատանք գտած քաղաքացիները։ Նա հույս հայտնեց, որ երկու ամիս հետո հիմնական աշխատանքային տարիքում գտնվող անձինք իրենց առաջնային անհրաժեշտության ծախսերը կկարողանան հոգալ և հունվարիցայդ աջակցության ծրագրի կարիքը չեն ունենա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։