ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի տարածքին` Ալ Շիֆա բժշկական համալիրի և Ալ Քուդս հիվանդանոցի մոտակայքում, որտեղ վիրավոր կան, հայտնում է Ալ-Jazeera հեռուստաալիքը:
«Մի քանի հրթիռ ընկել են Ալ Շիֆա բժշկական համալիրի մոտակայքում, որտեղ ամենաշատ վիրավորներն ու բուժանձնակազմն է ամբողջ Գազայի հատվածում։ Առանձին հարվածներ են հասցվել նաև Թալ էլ Հավա շրջանի Ալ Քուդս հիվանդանոցի մերձակայքին»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում։
Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածի առնվազն 10 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը իսրայելական գնդակոծությունների և վառելիքի պակասի պատճառով:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4600-ի, տուժել է ավելի քան 14 200 քաղաքացի:
Իսրայելում, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է շուրջ 150 իսրայելցի լինել։ Ինքը` շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։