Դատախազությունը 3 տարում պահանջել է հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1000 անշարժ, 200 շարժական գույք

Դատարան է ներկայացվել 89 հայցադիմում, որոնցից 67-ը` 2023 թվականի ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1000 անշարժ և 200 շարժական գույք։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` ամփոփելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության երեք տարվա աշխատանքը։
Այս ընթացքում վարչությունը նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ»,– նշվում է հաղորդագրությունում։
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում դատարան է ներկայացվել 89 հայցադիմում:
Ի դեպ` 89 հայցադիմումներից 67-ը ներկայացվել է 2023 թվականի ընթացքում:
Դատախազությունը պահանջում է Արթուր Գևորգյանից բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ և անշարժ գույք
Գնահատված գույքի շուկայական արժեքների հաշվառմամբ` հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: