ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը սպասում է ՌԴ–ից զենքի մատակարարմանը, որի գումարն արդեն վճարված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին` կա՞ն արդյոք հստակ ժամկետներ` նա պատասխանեց. «Ցանկացած պայմանագիր նախատեսում է և՛ ժամկետներ, և՛ այդ ժամկետների խախտման դեպքում պատժամիջոցներ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տեղեկատվությունը, թե Ռուսաստանը ՀՀ-ից զենքի մատակարարման գումար է վերցրել ու համապատասխան զենք-զինամթերք չի մատակարարել, սուտ է։
ՀՀ-ի և ՌԴ-ի աղբյուրները թերթին հայտնել էին, որ ապրանքը վաղուց պատրաստ է, բայց ՀՀ ՊՆ-ն չի կարողանում այն տեղափոխել Հայաստան։
Ավելի ուշ, ըստ թերթի տվյալների, Հայաստանը հանկարծակի հրաժարվել է ՌԴ–ի հետ պայմանագրերից: Փոխարենը պայմանագրեր է կնքել Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ։
Օրաթերթն այս հարցով դիմել է ՀՀ ՊՆ, բայց պատասխան դեռ չի ստացել։