Հայաստանում կոռուպցիոն դիմադրությունը հաղթահարված չէ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում
Նիկոլ Փաշինյանի խոսքով` պետական կառավարման համակարգում կոռուպցիա ոչ միայն կա, այլև նոր ձևերով է զարգանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կոռուպցիոն դիմադրությունը հաղթահարված չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և շնորհավորել աշխատակիցներին։ Նա իր ելույթում ընդգծել է, որ բոլորը կարծես թե համաձայն են հակակոռուպցիոն քաղաքականության և ապօրինի գույք բռնագանձման հետ։ Սակայն լինում են բացառություններ։
«Երբ գործեր են հայտնվում, որոնք վերաբերում են կոնկրետ շենքերի, կոնկրետ գույքերի, կոնկրետ անուն-ազգանունների, պարզվում է՝ մեկը հարգված մարդ է, մյուսը մեծ շրջապատ ունի, երրորդը լավ տղա է և այդպես շարունակ: Հասկանում ես, որ ամեն քայլ անելիս պետք է ահռելի դիմադրություններ հաղթահարել»,- ասել է նա։
ՀՀ վարչապետի խոսքով` դա է պատճառը, որ կոռուպցիան շարունակում է պահպանվել երկրում, այդ թվում՝ պետական համակարգում, և շարունակում է զարգանալ նոր ձևերով։
«Եվ այս ազդակներին մենք չպետք է ուղղակի այսպես անլուրջ վերաբերվենք: Ամեն ասածի հետևից մենք պետք է կարողանանք գնալ, որովհետև եթե հանկարծ վերջում պարզվի, որ հակակոռուպցիոն մեր քաղաքականության հետևում խաղ կա, ձև կա, դա կլինի ամենամեծ աղետը, որին մենք կառերեսվենք»,- նշել է նա։
Միաժամանակ վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ չնայած բոլոր խնդիրներին հնարավոր է եղել մակրոտնտեսական կայունություն ապահովել, ինչպես նաև ապահովել զարգացման դինամիկա, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականության միջոցով։
Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր է եղել վերացնել մենաշնորհները, իսկ հարկային արտոնությունների դեմ պայքարը շարունակվում է։
Կոռուպցիան չի տարբերակվում «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ. Փաշինյան