ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր։ Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` այսօր Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։