Երևանյան-հայկական թեմը դրամահավաք է սկսել Արցախի փախստականների համար

Երևանյան-հայկական թեմը ձևավորվել է 2021 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի որոշմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմը դրամահավաք է սկսել Արցախից փախստականների համար: Տեղեկությունը իր Telegram ալիքում հայտնել է թեմի ժամանակավոր կառավարիչ Կլինսկի միտրոպոլիտ Լեոնիդը (Գորբաչով)։
Երևանյան-հայկական թեմը կազմավորվել է 2021 թվականին ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի որոշմամբ, գործում է Հայաստանի տարածքում։
«Լեռնային Ղարաբաղից փախստականների մեծ թվի հետ կապված ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-հայկական թեմը հանգանակություններ է հավաքում տուժածների կարիքների համար», - գրել է միտրոպոլիտ Լեոնիդը:
Նախօրեին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Արցախից տեղահանվածներին փոխանցել է ևս 1 տոննա մարդասիրական օգնություն։ Ընդամենը երկու օրվա ընթացքում օգնության չափը գերազանցել է 2,5 տոննան:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։