ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Եվրամիությունը (ԵՄ) շրջապատված է հակամարտությունների «կրակե օղակով», որն ավելի ու ավելի է սեղմվում նրա սահմանների շուրջ։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց առաջ։
«Եվրոպայի շուրջ ձևավորվել է հրե օղակ, որը, մեր զգացումներով, անընդհատ սեղմվում է․․․ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ, պետք է մտածել նաև Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին․․․»,-ասել է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա նաև հավելել է, որ անկայունություն կա նաև Արևմտյան Բալկանների շրջանում, «դրան նույնպես պետք է հետևել»:
Նախարարի խոսքով՝ Եվրամիությունը «չի կարող իրեն թույլ տալ ճգնաժամերից միայն մեկին ուշադրություն դարձնելու շքեղությունը»: ԵՄ-ի կենտրոնացումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա չպետք է հանգեցնի նրան, որ իրենք աչքից բաց թողնեն մյուս ճգնաժամերը: