Բունդեսթագի ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանին ԼՂ–ում էթնիկ զտում իրականացնելու համար

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Փաշինյանն ու Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն ու տեղի հայության բռնի տեղահանությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։