ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաք է ճանաչվել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին։ Այս մասին գրում Է «Bloomberg»-ը՝ հղում անելով բնապահպաններին և շվեյցարական «IQ Air» ընկերության տվյալներին։
Նյու Դելիում մանր մասնիկների կոնցենտրացիան կազմել է 296 միկրոգրամ մեկ խորանարդ մետր օդի համար, ինչը գրեթե 20 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած անվտանգության առավելագույն թույլատրելի նորմերը: Չիկագոյի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ քաղաքի բնակիչները, աղտոտված օդ շնչելով, միջինը 5,3 տարով կրճատում են իրենց կյանքը:
Շրջակա տարածքներում մշակաբույսերի թափոնների այրումը էկոլոգիական աղետի է հանգեցրել։ Բացի այդ, մթնոլորտն աղտոտում են ավտոտրանսպորտի և ածխային էլեկտրակայանների վնասակար արտանետումները։ Իրավիճակը սրում են նաև շինարարության ոչ էկոլոգիական տեխնոլոգիաները։
Ըստ պարբերականի` վնասակար արտանետումների մակարդակի նվազեցմանն ուղղված միջոցառումները պտուղ չեն տալիս։
Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի փորձագետները մատնանշում են նաև մայրաքաղաքի էլեկտրակայանների ղեկավարության անփութությունը արտանետումների վերահսկման համակարգերի տեղադրման հարցում:
Նյու Դելիի էներգետիկայի և ռեսուրսների ինստիտուտում պարզաբանել են, որ աղտոտող նյութերը վատ են ցրվում քամու թույլ ուժի և ջերմաստիճանի նվազման պատճառով: