Արցախից տեղահանվածներից 150–ը դեռ բուժվում են ՀՀ ԲԿ-ներում, 11–ի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է ԼՂ–ից բռնի տեղահանված 42 000 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից150–ը շարունակում են բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 24-ի վիճակը ծանր է, 11–ինը` ծայրահեղ ծանր։ Այս տվյալները ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով` առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է ԼՂ–ից բռնի տեղահանված 42 000 քաղաքացի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։