Ալլա Պուգաչովան երեխաների հետ հեռացել է Իսրայելից

Ալլա Պուգաչովան. Արխիվային լուսանկար
Հայտնի է, որ հոկտեմբերի 20-ին Կիպրոսում կայացել է Մաքսիմ Գալկինի համերգը։ Բայց արդյոք նա կմնա Կիպրոսում ընտանիքի հետ, դեռ հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում, լքել է Իսրայելը և իր երեխաների՝ Լիզայի և Հարրիի հետ մեկնել է Կիպրոս, հայտնում է KP.RU-ն։
Պուգաչովան, ամուսնու` Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ Իսրայել էր տեղափոխվել ավելի քան մեկ տարի առաջ։ Այնտեղ ընտանիքն ապրում էր Հերցլիա քաղաքի էլիտար առանձնատանը։ Սակայն Իսրայելում իրավիճակի սրման պատճառով երգչուհին երեխաների հետ որոշել է օգտվել Կիպրոսի անձնագրերից։ Պուգաչովան Կիպրոսի քաղաքացիություն է ստացել 2017 թվականին այնտեղ վիլլա գնելուց հետո։ Հրատարակությունը գրում է, որ հաջորդ տարին նրանք նախատեսում են մնալ Կիպրոսում։
Հայտնի չէ, արդյոք Գալկինը միացել է ընտանիքին։ Սակայն հայտնի է, որ նա հոկտեմբերի 20-ին համերգ է տվել Կիպրոսում։
Նշենք, որ Գալկինը ավելի վաղ հայտարարել էր Իսրայելում մնալու և ամեն կերպ մարդկանց օգնելու պատրաստակամության մասին։ Սակայն ավելի ուշ սոցիալական ցանցերի իր էջերում գրեց Իսրայելից հեռանալու մտադրության մասին, քանի որ վերսկսել է ելույթները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։