ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը` հավելելով, որ այսօր Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը:
Տեղեկացվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը և առաջացած խնդիրներին:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:
Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի և իր անունից շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հասցեական ելույթի համար:
Գործընկերները կարևորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։