Զախարովան հաստատել Է ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությունը Իրանում կայանալիք բանակցություններին

Մարիա Զախարովա
Լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություն էին տարածել, որ հոկտեմբերի 23-ին Իրանի մայրաքաղաքում կայանալու են «3+3» ձևաչափով բանակցությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի— Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հաստատում ենք երկուշաբթի օրը Թեհրանում նախատեսված Լավրովի բանակցությունները», - ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը Թեհրանում կայանալու է «3+3» ձևաչափով հանդիպումը, որին մասնակցելու են Իրանի, ՌԴ-ի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Երևանը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցություններին։
Տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափով հանդիպումն անցկացվել է միայն մեկ անգամ ՝ 2021 թվականի վերջին, առանց Վրաստանի։