Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարել էր, որ պաշտոնական Փարիզը համաձայնություն է տվել ապագայում Երևանի հետ պայմանագիր կնքելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանը Ֆրանսիա է մեկնում երկրի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով։
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարել էր, որ պաշտոնական Փարիզը համաձայնություն է տվել ապագայում Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հոկտեմբերի 17-ին տեղեկացրեց` Լըկորնյուն Սենատում բյուջետային լսումների ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում բանակցելու է հայ գործընկերոջ հետ։
Նշենք, որ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը վերջին անգամ Փարիզ էր այցելել հունիսին։ Նա «Լը Բուրժե»-ում մասնակցել էր Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: