ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Ժնևում անդրադարձել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի ու սպառնալիքների կիրառման ադրբեջանական քաղաքականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ նա մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները:
Փոխնախարարը այս թեմային է անդրադարձել՝ խոսելով ծնելիության մակարդակի անկման վրա ազդող ներքին և արտաքին գործոնների մասին։
«Հաջորդը միայնակ մայրերի խնդիրն է։ Այն հատկապես սուր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում արական սեռի մեծ թվով զոհերի հետ կապված՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտումների հետևանքով», - նշել է Արտակ Ջումայանը:
Նա ներկայացրել է 2023-2040 թվականների Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը որպես եզակի նախաձեռնություն` հիմնված լուրջ հետազոտական աշխատանքի վրա: